Վերջերս կարդացի Սիրադեղյանի «Դուռը» պատմվածքը և այն ինձ գրավեց իր գլխավոր իմաստով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե իմաստը նրա մեջ է, որ պետք է հրաժարվել վատ սովորություններից, լինել զուսպ և համբերատար՝ հանուն կարևոր նպատակների, սակայն արդյո՞ք դա էր ցանկանում փոխանցել հեղինակը։ Փորձենք հասկանալ.
Նրանից հետո, երբ Մայիսը՝ ստեղծագործության գլխավոր հերոսը, սկսեց հաշվել այն գումարի քանակը, որը նա ծախսում էր ընտանեկան կարիքների վրա և որոշեց հրաժարվել իր խանդավառություններից (կամ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, վատ սովորություններից)՝ գումարը խնայելու և իր նպատակին հասնելու համար, նրա կյանքը դարձավ ձանձրալի ու անիմաստ: Եվ այս ամենը հանգեցրեց նրան, որ նրա ընտանեկան հարաբերությունները վատացան, նա դարձավ դժբախտ և, ի վերջո, հիվանդանոց ընկավ:
«Երեք շաբաթ էր անցել հրաժեշտի խնջույքից։ Այդ երեք շաբաթը ամենազզվելի օրերն էին նրա կյանքում, ամենաանտանելին իր և հարազատների համար։ Տնեցիք շվարել էին, խոսքաշեն, ուրախ, բարեհամբյուր մարդը անսպասելի կերպարանափոխվել, դարձել էր չգիտես ինչ՝ նեղսիրտ, թթված մի արարած, կատարյալ պատուհաս ընտանիքի գլխին։»
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Մայիսը շատ բան պարզաբանեց իր համար: Նրա կյանքը լի էր երջանկությամբ, մինչ նա փող էր ծախսում տաքսիների վրա, մինչ գարեջուր էր խմում, ծխում էր, ընդհանուր առմամբ՝ ապրում էր լիարժեք կյանքով: Այդ փոքրիկ բաները նրա առօրյան ավելի հաճելի ու նշանակելի էին դարձնում, և իրականում նա ստիպված չէր հրաժարվել այդ ամենից ինչ-որ մեքենայի համար: Նրան հարկավոր չէր մեղավորության զգացումից տանջվել՝ գումարը չխնայելու ու մի օրվա կյանքով ապրելու պատճառով, քանի որ հենց դա էր նրա երջանկության աղբյուրը։
Ես համամիտ եմ Մայիսի եզրակացության հետ, քանի որ ամեն մեկս ունենք մեր յուրօրինակ սկզբունքները և ամեն մեկս պիտի վարենք մեր կյանքը այնպես, ինչպես մեր սիրտն է թելադրում։